ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` համապատասխան առաջարկ է արել Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների քննարկման ժամանակ։
«Ես, անկեղծ ասած, զարմացած էի։ Քանզի մենք այդպիսի կարողություններ չունենք` 40 հազար ուսանող ընդունել։ Հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է ունենալ այդ կարողությունը, երբ խոսքը նման խոշոր երկրի հետ համագործակցության մասին է», – նշեց Արշակյանը։
Նա հավելեց, որ կրթական ներուժի ընդլայնումը կապված է Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախագծի հետ։
«Արդեն 3 հազար ուսանող Հնդկաստանից Հայաստանում սովորում է։ Նրանք կարող են լինել 30 հազար, 60 հազար, եթե այդ կարողությունն ունենանք։ Նրանք ցանկանում են կրթվել Հայաստանում», – ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։
Նա հավելեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը զարգացնում են համագործակցությունը նաև այլ ոլորտներում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Ըստ նախագծի` ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում երկաթուղային կայարանից բացի կնախագծվի ակադեմիական քաղաքի մարզադաշտն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։