ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարությունը ցանկանում է ընդլայնել կորոնար ստենտների տեղադրման անվճար վիրահատությունների շրջանակը։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարությունն առաջարկում է, որ նման հնարավորություն ստանան հիվանդները ոչ միայն նախաինֆարկտային վիճակում, այլև սրտանոթային հիվանդությունների ավելի վաղ փուլերում։ Ավանեսյանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ նախորդ տարի նախարարությունն ավելացրել է աորտայի շերտազատման վիրահատությունների հատկացումները։
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ առաջարկեց քննարկել նման ընդլայնման նպատակահարմարությունը: Նրա խոսքով՝ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտ 20 տոկոս դեպքերում ստենտները տեղադրվում են առանց իրական անհրաժեշտության։
Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ՝ դեղապատ ստենտի տեղադրումն անվճար արվում է «Stent for Life» ծրագրով սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում, իսկ աորտա-կորոնար շունտավորումն իրականացվում է արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունները կազմակերպվում են իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և բուժառուին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը: