ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ–ում խոշոր բեռնատարների վրա պետք է տեղադրվեն GPS սարքեր։ ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա հիշեցրեց, որ հանրապետության ճանապարհները ժամկետից շուտ քանդվում են հանքերի գերծանրաբեռնված մեքենաների պատճառով: Այս խնդիրը բնորոշ է ոչ միայն ՀՀ մարզերին, այլև Երևանի շրջակա ճանապարհներին։ Ըստ նախարարի` պետք է ոչ միայն այդ ճանապարհները վերանորոգել, այլ այս խնդիրը արմատապես լուծել։
Այդ նպատակով նախարարությունն առաջարկում է, որ առանց GPS–ի առկայության խոշոր` 5 կամ 8 տոննայից ավելի բեռնատարողությամբ բեռնատարները տեխզննում չկարողանան անցնել։ Խուդաթյանի կարծիքով` այդ սարքերի շնորհիվ հնարավոր կլինի պարզել` արդյոք այդ բեռնատարների վարորդները շրջանցե՞լ են հիմնական մայրուղիներում տեղադրված կշեռքները, թե՞ ոչ։