ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. նա ծրագրում էր Կիևին փոխանցել օդանավակայանի հատակագծեր

Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ համագործակցել է ուկրաինական հետախուզության հետ։
Sputnik
ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը ծրագրում էր Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությանը տրամադրել «Սուխում» օդանավակայանի հատակագիծը՝ դիվերսիոն–ահաբեկչական գործողություն իրականացնելու համար, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«ՌԴ ԱԴԾ-ն Աբխազիայի Հանրապետության պետական ​​անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ կանխել է 1980 թվականին ծնված ՌԴ քաղաքացու անօրինական գործունեությունը, որն իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայության հանձնարարությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հատուկ ծառայության տվյալներով՝ հանցագործը կապ է պահպանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցչի հետ, որի հանձնարարությամբ նա Կիևին տեղեկատվություն է տրամադրել «Սուխում» միջազգային օդանավակայանում տարվող աշխատանքների վերաբերյալ, որտեղ գրանցված է եղել որպես ինժեներա-տեխնիկական ծառայության մասնագետ։
«Հանցավոր ծրագիրն իրականացնելու համար մեղադրյալը նախաձեռնողաբար նախատեսում էր թշնամուն փոխանցել «Սուխում» միջազգային օդանավակայանի և պաշտոնական միջազգային պատվիրակությունների ընդունման համար օգտագործվող հարակից փակ կայանատեղիի հատակագծերը: Նա նաև հայտնել է, որ այն կարող է օգտագործվել դիվերսիոն-ահաբեկչական գործողություն կատարելու համար՝ տարածքում պայթուցիկներ տեղադրելով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի և Աբխազիայի ուժայինների համատեղ գործողության ժամանակ տղամարդը ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ համագործակցել է ուկրաինական հետախուզության հետ, ինչպես նաև պատմել իր կատարած խնդիրների և ՌԴ պաշտոնյաների Աբխազիա այցելությունների մասին տեղեկատվություն հավաքելու տրված առաջադրանքների մասին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Աբխազիայի Հանրապետության ՔՕ 274-րդ հոդվածով («Լրտեսություն»):