ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման և Գազայի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Էական առաջընթաց է գրանցվել, բայց կարծում եմ` ավելորդ հույսեր պետք չէ ունենալ», - ասել է նա։
Վարչապետի գրասենյակից նշել են, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ և Իսրայելի քաղաքացիների անվտանգության ու բոլոր պատանդների վերադարձի նկատմամբ մշտական ուշադրությամբ:
Պաշտոնական տվյալներով՝ Գազայի հատվածում 55 պատանդ կա, կեսից ավելին ենթադրաբար զոհվել է:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։