ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի համար մնում է հասկանալի և կանխատեսելի, քանի որ նա առաջնորդվում է բացառապես իր երկրի ազգային շահերով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT-ի «Սանչեսի էֆեկտը» շոուի շրջանակներում ամերիկացի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում։
«Թրամփի ելույթներում տեսանելի են Ամերիկայի շահերը։ Նա գործում է ազգային առաջնահերթությունների շրջանակներում։ Այս առումով նրա քաղաքականությունը մեզ համար դեռ շատ հասկանալի է», - նշել է Մեդինսկին։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան տնտեսությունը կարող է զգալի օգուտներ ստանալ Ռուսաստանի հետ գործընկերությունից, հատկապես խաղաղ կարգավորման պայմաններում: Մասնավորապես, նա կասկածի տակ է դրել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագրերի տնտեսական նպատակահարմարությունը, օրինակ՝ հազվագյուտ մետաղների ոլորտում։
«Դուք հազվագյուտ մետաղների մասին ինչ-որ պայմանագիր եք ստորագրել։ Բայց այս բոլոր հազվագյուտ հողային մետաղները ծովի մի կաթիլ են՝ համեմատած Ռուսաստանի անթիվ բնական պաշարների հետ: Պատկերացրեք, թե որքան կարող էին վաստակել ամերիկյան բիզնեսը, ամերիկյան քաղաքացիները, եթե Ռուսաստանում ունենային շահավետ ներդրումային ծրագրեր, զարգացնեին գործընկերային հարաբերություններ և առևտուր», - ասել է Մեդինսկին։
Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում ԱՄՆ-ն ոչ միայն կազատվեր ռազմական ծախսերից, այլև զգալի տնտեսական օգուտներ կստանար:
Մեդինսկին հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինայի պատերազմի վրա, ինչը համեմատելի է Մարշալի ծրագրի հետ (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպան վերականգնելու նպատակով-խմբ.):