Բոլորն էլ ծառայելու են. ՊՆ ԳՇ պետը չի պատրաստվում որդուն փողով ազատել բանակից

Ասրյանի խոսքով՝ բոլորն էլ ծառայելու են, և այդ հարցը կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի որդին սեպտեմբերից ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելու է դասընթացներ և զինծառայությունը բանակում շարունակելու է որպես սպա։ Այսօր ArmLur-ի հետ զրույցում ասաց Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստվու՞մ է օգտվել օրենսդրական նոր առաջարկից և փողով ազատել որդուն բանակից։
«Իսկ արդա՞ր է, որ Ձեր որդին ծառայի, բայց մյուսները գնացուցակը նայեն, տեսնեն՝ որն են ընտրում, որ իրենց որդին չծառայի»,- հարց ուղղեց լրագրողը։
Էդվարդ Ասրյանը նշեց՝ բոլորն էլ ծառայելու են։
«Դա ընթացիկ հարց է, առաջիկա հանձնաժողովի նիստում դա կքննարկվի»,- ասաց Ասրյանը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում 2 տարի ծառայելուց: Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք է նախատեսվում 32 տարեկանը։
Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։