ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ինչպես հայտնել ենք, «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ ՀՀԿ–ն պատրաստվում է վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,– գրել է նա։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: