ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն Արմեն Աշոտյանն է. «Հրապարակ»

Ավելի վաղ Արթուր Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցություն առաջիկա օրերի ընթացքում կներկայացնի վարչապետի իր թեկնածուին` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Հունիսի 6–ին «Հանրապետական» կուսակցությունը դիմել էր ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը` առաջարկելով նախապատրաստել ԱԺ որոշման նախագիծ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու, սակայն կուսակցությունում մտափոխվել են՝ կանգ առնելով Աշոտյանի թեկնածության վրա։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: