Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Համբարձումյանը համախմբման կոչ է անում

Դավիթ Համբարձումյանը նշել է, որ պայքարի մեջ ինքը վերկուսակցական մոտեցման կողմնակից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Սոցցանցերում այս մասին գրել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որին «Պատիվ ունեմ»–ն ընտրել է որպես վարչապետի թեկնածու։
Ինչպես հայտնել ենք, մամուլն այսօր գրել էր, որ ՀՀԿ–ն պատրաստվում է վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, սակայն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հաղորդագրություն տարածեց, որ խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
«Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է»,–գրել է Համբարձումյանը։
Նա նշել է, որ պայքարի մեջ ինքը վերկուսակցական մոտեցման կողմնակից է և բոլոր ընդդիմադիրներին համախմբման կոչ է անում` պատրաստ լինելով արձագանքել նման բոլոր կոչերին:
«Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից»,–գրել է դավիթ Համբարձումյանը:
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: