ՌԴ-ն ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում. Մատվիենկոն` հայ–ռուսական հարաբերությունների մասին

Մատվիենկոն նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգևոր արժեքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք առաջնորդվում են` «կամ մեզ հետ, կամ ոչ մեկի» կարգախոսով։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մեր բարեկամությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Հայաստանն ինքնիշխան ու ինքնուրույն պետություն է, նա իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Բայց ինչ վերաբերում է հայ–ռուսական համագործակցությանն ու բարեկամությանը, դա մեր երկու պետության և ժողովուրդների բարձրագույն աժեքներից է», - ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգեւոր արժեքներով, երկու ժողովուրդների կայուն զարգացման, բարգավաճման ձգտումով: Նա նշել է, որ երկկողմ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի ու փոխշահավետության սկզբունքների վրա։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։