Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը նախատեսվածից երկար է տևել

Սկզբում պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Այսօր Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ ՌԴ խոհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։
Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բանակցությունները սկզբում ընթացել են նեղ կազմով՝ «տետ-ա-տետ ձևաչափով», այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից ավելի ուշ հայտնեցին, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։