Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ–ի շենքի մոտ այսօր տեղի ունեցան երկու հակադիր բողոքի ցույցեր։
Սկզբում Ազգային ժողովի շենքի դարպասների մոտ հակառուսական պաստառներով հավաքվեց արևմտամետ ուժերի մի փոքր խումբ՝, որը վանկարկում էր «Ռուսաստանը դավաճան է», «Ռուսաստանը առևտրական է, ոչ թե խաղաղարար»։
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը կոչ արեց նրանց հեռանալ դարպասների մոտից, որտեղ ոստիկանները հերթապահում են, ինչին ի պատասխան սպառնալիքներ հնչեցրեց արևմտամետ կուսակցություններից մեկի առաջնորդ Արման Բաբաջանյանը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախաձեռնողներից մեկը). «Հեռացե՛ք։ Մի՛ խանգարեք։ Մի՛ ստիպեք փողոցը խառնել»։
Որոշ ժամանակ անց մոտեցավ մեկ այլ խումբ՝ Ռուսաստանի հետ բարեկամության և գործընկերության մասին կարգախոսներով։ «Պատմությամբ ամրագրված եղբայրություն», «Եղբայրական ազգեր՝ ընդհանուր ապագա». գրված էր պաստառներից մի քանիսի վրա։
«Ես չեմ ուզում մեկնաբանել հայրենիքը 2 կոպեկով վաճառողներին, այստեղ սորոսականներ են հավաքվել», –հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Որոշ անձանց բղավոցները լեզվակռվի հանգեցրին, որը կվերածվեր ծեծկռտուքի, եթե ոստիկանները հետ չպահեին երկու կողմերի ցուցարարներին և չբաժանեին նրանց։
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։