«Կրակոց սեփական ոտքին». կրիպտոակտիվների ոլորտի մասնագետը դժգոհ է ԱԺ–ի ընդունած նոր օրենքից

«Web3 Հայաստան» ոչ առևտրային հիմնադրամի համահիմնադիրը կարծում է, որ նոր օրենքն առաջին հերթին կհարվածի հասարակ քաղաքացիներին, որոնք իրենց գումարները փոխանցում են կրիպտոարժույթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի ընդունած «Կրիպտոակտիվների մասին» օրենքը վնաս է հասցնում երկրի ֆինանսական ինքնիշխանությանը և ընդամենը գործիք է Հայաստանի քաղաքացիների ու ընդհանրապես պետության «գրպաններից» միջոցները հանելու և դրանք միջազգային բանկային համակարգի «գրպաններ» տեղափոխելու համար: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Web3 Հայաստան» ոչ առևտրային հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Հայաստանի ԱԺ–ն մայիսի 29-ին «Կրիպտոակտիվների մասին» օրենք ընդունեց, ըստ որի` կրիպտոակտիվների առևտրով և ներդրումներով զբաղվող ընկերությունների համար կսահմանվեն գործունեության հիմնական կանոններ:
«Այս կարգավորման նպատակն է զսպել տնտեսության աճը, երկրի ֆինանսական ինքնիշխանությունը դնել եվրոպական բանկային մաֆիայի տնօրինման տակ։ ԱՄՆ-ում, Սինգապուրում, ԱՄԷ-ում նմանատիպ օրենքներն ունեն որոշակի առավելություններ, որոնք բացակայում են միայն ԵՄ-ի մշակած MiCA-ում։ Ընդ որում` այդ կարգավորումը դեռևս ուժի մեջ չի մտել նույնիսկ ԵՄ-ում։ Հասկանալի է, որ ԵՄ բանկային համակարգը փորձում է այդ կարգավորումները պարտադրել տարբեր երկրների, բայց առայժմ, բացի Հայաստանից, ուրիշ ոչ մի երկրի չի հաջողվել ստիպել դա անել», - նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նոր օրենքն առաջին հերթին կհարվածի հասարակ քաղաքացիներին, որոնք, փորձելով խնայել բանկային փոխանցումների ժամանակ պահվող միջնորդավճարները, փոխանցումները կատարում են կրիպտոարժույթով։
Այժմ օրենքը պարտավորեցնում է դիմել բանկերին, հերթ կանգնել, միջնորդավճարներ վճարել։ Մասնագետի խոսքով` այս իրավիճակը համաշխարհային մասշտաբով աննախադեպ է, քանի որ կրիպտոակտիվների ոլորտն ի սկզբանե ստեղծվել է միջազգային փոխանցումների վրա խնայելու համար, և այժմ քաղաքացիների միջոցների մի մասն արհեստականորեն կփոխանցվի բանկերին: Հարությունյանի գնահատմամբ` խոսքը միլիոնավոր դոլարներ կազմող միջնորդավճարների մասին է։
«Ինչ վերաբերում է ֆինանսական ինքնիշխանությանը, ապա նոր օրենքի պատճառով մենք կորցնում ենք հարյուրավոր միլիոնների շրջանառություն, քանի որ բացառում ենք Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների համար կրիպտոարժույթով առևտրի հնարավորությունը: Այսուհետ ամեն ինչ պետք է անցնի բանկերով, իսկ բանկային համակարգը, ինչպես հայտնի է, չի սպասարկում այդ քաղաքացիներին։ Մենք մեր ոտքին ենք կրակում` մեր ինքնիշխանությունը փոխանցելով ԵՄ բանկային համակարգին։ Բացի այդ, մենք ինքներս մեզ զրկում ենք ներդրումներից։ Օրինակ` այն երկրները, որոնք իրականացրել են գրագետ կարգավորումներ, թույլ են տալիս իրենց տարածքում կրիտպոարժույթով գնել բնակարաններ և այլն: Այդ հնարավորությունը մենք ամբողջությամբ փակում ենք», - ընդգծեց «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրը։
Հարությունյանը նաև մատնանշեց այն շտապողականությունը, որով ընդունվեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Նրա կարծիքով՝ ՀՀ ԿԲ-ն մեխանիկորեն թարգմանել է եվրոպական պատրաստի օրինագիծը՝ հարմարեցնելով այն տեղական օրենսդրությանը։ Հայաստանում բանկային լոբբինգը հաղթել է, և պատգամավորները «կողմ» են քվեարկել՝ առանց մանրամասների մեջ խորանալու ու փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների կարծիքը լսելու:
Հարությունյանն ընդգծեց` այս օրենքը, ըստ էության, ԱՄՀ-ին արվող «զիջումների փաթեթ» է` բաղկացած ավելի քան 20 կետից, մինչդեռ Հայաստանը կարող էր որոշակի օգուտ քաղել եվրոպական կողմի հետ գոնե այդ հարցի շուրջ բանակցելիս։ Մասնագետը բերեց Սալվադորի օրինակը, որը ԱՄՀ-ին արած յուրաքանչյուր զիջման դիմաց սովորաբար ստանում է 1.5-2 մլրդ դոլար։