ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և վրա։ Այսօր Երևանում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպման տեսագրությունը հրապարակել է ՌԴ Դաշնային ժողովի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության հետ՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման ձգտման վրա: Մենք նպատակաուղղված ենք երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Երևանը գնահատում է այն ամենը, ինչը դրական է Մոսկվայի հետ հարաբերություններում։ Սիմոնյանն ընդգծել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացումը ընթացիկ տարվա սկզբից։ Նա շեշտել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի անցկացումը երկու երկրների միջև դինամիկ երկխոսության պահպանման և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ձգտման փոխադարձ շահագրգռվածության ապացույցներից մեկն է։
Վալենտինա Մատվիենկոն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ։
Նա ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմամյա հարաբերությունների պատմությունը հիմնված է ամուր, փորձված բարեկամության, փոխադարձ հարգանքի, հոգևոր, ավանդույթների նմանության և ընդհանուր պատմական ճակատագրի վրա։
«Սրա համար էլ այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք՝ հետաքրքրված բազմաոլորտ համագործակցությամբ»,- ընդգծել է Մատվիենկոն։
Ալեն Սիմոնյանն իր խոսքում ասել է` ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ունեցած համագործակցությունը կարևորագույն գործոններից մեկն է, որն ազդում է Հայաստանի տնտեսական զարգացման և արտաքին առևտրաշրջանառության ներուժի իրացման վրա։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ռուս–հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։