ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Հայ ժողովուրդը նշանակալի ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմում և ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցուցաբերելով հերոսության, անզնազոհության օրինակ։ Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Խոսքի սկզբում Արշակյանն ընդգծեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովն այս տարիների ընթացքում նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։ Հանձնաժողովի աշխատանքը դինամիկ է, այդ թվում՝ պարբերական հանդիպումների շնորհիվ, որոնք նպաստում են երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծմանը։
Արշակյանը հիշեցրեց՝ 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը՝ կարևորելով ապագա սերունդներին փոխանցվող ժառանգությունը։
«Համաշխարհային երկրորդ պատերազմը պատմության ամենաողբերգական էջերից է եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմի դաշտում, մահվան ճամբարներում, դարձել սովի և համաճարակների զոհ»,- ասաց Արշակյանը՝ ընդգծելով հայ ժողովրդի ավանդն ու մասնակցությունը միասնական հաղթանակի գործում։ Շեշտեց՝ այսօր հայ ժողովուրդն առանձնահատուկ հպարտությամբ է հիշում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։
«Նրանց հերոսությունը հիշողության անմար կրակ է, որը լուսավորում է մեր ճանապարհը և հիշեցնում հաղթանակի գինը, որը նվաճվել է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների միասնական ջանքով»,- ասաց Արշակյանը։
Նա հիշեցրեց, որ միասնական հաղթանակի գործում մեծ ներդրում է ունեցել նաև սփյուռքահայությունը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ Մեծ հաղթանակի օրը ոչ միայն խիզախության և հայրենասիրության օրինակ է ապագա սերունդների համար, այլև առիթ` մտորելու ամբողջ մարդկության համար պատերազմի ավերիչ հետևանքների մասին։
Նրա խոսքով՝ կարևորագույն նշանակություն ունի այս հիշողությունը ոչ միայն պահպանել, այլև փոխանցել սերունդներին, դրա համար առանձնահատուկ կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են պատմական հիշողության պահպանմանը։ Նման նախաձեռնություններից է, օրինակ, «Հիշողության գնացքը»։
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նույնպես ընդգծեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը խնամքով պահպանում են պատերազմի և Մեծ Հաղթանակի հիշատակը: Ուրախալի է, որ վերջերս Երևանում անցկացված միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էին երիտասարդները, որոնք երկրի և ժողովրդի ապագան են:
«Պատերազմի առաջին օրերից հայերը այլ ժողովուրդների հետ միասին միացել են բանակի և թիկունքի աշխատանքներին։ Մենք հիշում ենք եղբայրական հայ ժողովրդի սխրանքը, շատ լավ գիտենք, որ այստեղ փայփայում են Կարմիր բանակի վետերանների և Խորհրդային Միության քաղաքացիների հիշատակը, որոնք իրենց զոհաբերեցին հանուն մարդկության պատմության մեծագույն չարիքի դեմ հաղթանակի»,- ընդգծեց Վորոբյովը։
Նա նշեց` Ուկրաինայի և Եվրոպայի օրինակներով տեսնում ենք, թե ինչ ծանր հետևանքների են հանգեցնում միտումնավոր մոռացումը, պատմական հիշողության ոչնչացումը և նացիստական գաղափարների քարոզումը:
Այս մարտահրավերներին դիմակայելու համար Դաշնության խորհուրդը Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին դիմել է օտարերկրյա պետությունների խորհրդարանականներին՝ կոչ անելով հակազդել պատերազմի պատմության կեղծման, ֆաշիզմի և ռազմատենչության վերականգնման և հերոսացման ցանկացած փորձին, պահանջել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր վիրավորում են ֆաշիզմի դեմ պայքարողների և հաղթողների հիշատակը:
Վորոբյովը համոզված է, որ միայն համատեղ ջանքերով կարելի է պաշտպանել այդ պատերազմի մասին ճշմարտությունը և թույլ չտալ մարդկության դեմ հանցագործությունների կրկնություն:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։