Լիբանանի բանակը երկրի հարավում «Հզբոլլահի» ավելի քան 500 դիրք է կազմալուծել

Լիբանանի իշխանությունները մտադիր են ուժեղացնել ճնշումը, որպեսզի ստիպեն Իսրայելին լքել լիբանանյան տարածքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Լիբանանի բանակը երկրի հարավում «Հզբոլլահ» շարժման դիրքեր է կազմալուծել: Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ նոր կառավարության աշխատանքի հարյուր օրվա կապակցությամբ ելույթ ունենալով Բեյրութի կառավարական շենքում։
«Բանակը Լիտանի գետից դեպի հարավ կազմալուծել է ավելի քան 500 ռազմական օբյեկտ և զենքի պահեստ»,-ասել է Սալամը:
Վարչապետը նշել է, որ Լիբանանի իշխանությունները մտադիր են ուժեղացնել ճնշումը, որպեսզի Իսրայելին ստիպեն լքել Լիբանանի տարածքները և պահպանել ՄԱԿ ԱԽ 1701 բանաձևը: Բոլոր ջանքերը կգործադրվեն նաև Իսրայելի հետ վերջին հակամարտությունից հետո Լիբանանի հարավի վերականգնումը սկսելու և բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելու համար:
Հրադադարի խախտման դեպքում Իսրայելը տարբերակում չի դնի Լիբանանի ու «Հզբոլլահի» միջև. ՊՆ
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:
Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: