ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստին, մենք մեր բոլոր գործընկերներն տեղեկացրել ենք, վերջերս էլ թարմացրել ենք այդ տեղեկացումը, որ պատրաստ ենք մեր հնարավորություններն ի նպաստ բերել մեր երկու՝ թեկուզ և հակադիր դիրքորոշումներ ու դիրքավորումներ ունեցող գործընկերների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նախարար Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանն արդեն բավականին մեծ փորձ է կուտակել հարաբերությունների կարգավորման համատեքստում և պատրաստ է իր փորձը գործընկերներին էլ փոխանցել։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար:
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին: