ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Գավառում բացվել է հայազգի ռուսաստանցի ծովակալ, Նովոռոսիյսկի հիմնադիր, ռուս-թուրքական պատերազմի հերոս Լազար Սերեբրյակովի հուշատախտակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Արարողությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, քույր քաղաքների պատվիրակություններ, հասարակական գործիչներ:
Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ նախագիծն իրականացվել է ռեկորդային կարճ՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հուշատախտակը տեղադրվել է միջուկային ֆիզիկայի նշանավոր գիտնական, «Արզամաս-16» լեգենդար նախագծի համահեղինակ Սամվել Քոչարյանցի արձանի մոտ:
«Հուշատախտակի բացումը ոչ միայն հարգանքի տուրք է մեր փառապանծ անցյալին, այլև ևս մեկ հաստատուն քայլ Գավառի և Նովոռոսիյսկի եղբայրական կապերի ամրապնդման ճանապարհին», - ասել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին քաղաքների գործընկերությունը դինամիկ զարգանում է, և իրենք վստահությամբ են նայում ապագային՝ հույս ունենալով նոր համատեղ նախագծերի, մշակութային փոխանակումների և հումանիտար համագործակցության ընդլայնման:
Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն օրը պատմական է անվանել։
Հանդիսավոր միջոցառման ավարտին քույր քաղաքների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես բարեկամության խորհրդանիշ, որն արմատներ է գցում և ամրանում՝ տարեցտարի միայն հզորանալով: