ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին, հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։
ԵԱՏՄ միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 24 որոշում, որոնք վերաբերել են մաքսային գործի տարբեր ոլորտներին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել տեղորոշման կապարակնիքների կիրառման առանձնահատկություններին, տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ էլեկտրոնային ուղևորային հայտարարագրերի լրացմանը, մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցությանը և ապրանքների մաքսային հայտարարագրման վերլուծությանը։
ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել է 9 որոշում, ներառյալ էլեկտրոմոբիլների լիցքավորիչների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացումը, սահմանային անցման կետերում սպասման գոտիների գործունեության բարելավումը և թեթև մարդատար ավտոմեքենաների նույնականացման փորձի փոխանակումը։
Նշենք, որ ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կլինի Տաջիկստանում՝ 2025 թվականի սեպտեմբերին։