ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանի Կորովյակովկա գյուղում խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
«Ուկրաինայի զինված ուժերը հերթական անմարդկային հանցագործություններն են կատարել։ Երեկ ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Գլուշկովսկի շրջանի Կորովյակովկա գյուղի վրա։ Ցավոք, զոհվել է խաղաղ բնակիչ՝ 31-ամյա տղամարդ։ Ծնողներին և հարազատներին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը»,- տելեգրամյան ալիքում գրել է նա:
Խինշտեյնը հիշեցրել է, որ սահմանամերձ շրջաններում գտնվելն անվտանգ չէ։
«Հարգելի բնակիչներ, կրկին դիմում եմ բոլորիդ՝ սահմանամերձ շրջաններում դեռևս խիստ վտանգավոր է։ Թշնամին շարունակում է ստոր գրոհներ ձեռնարկել բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ։ Զգույշ եղեք»,– նշել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։