ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատում։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այո՛, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցների մասին, որոնք կոնկրետ թիրախավորում են, մեր գերատեսչությունը տեղեկատվություն տալիս է»,– ասաց նա։
Ասրյանի խոսքով` ադրբեջանական կողմի նպատակը զինծառայողների ու սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է
«Բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը։ Սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է»,– հավելեց նա։
Ասրյանը հստակեցրեց` ուշադրություն չդարձնելը չի նշանակում, որ զինուժը չի շարունակում իր առջև դրված խնդիրը։
«Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով և միջոցներով, և սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի սադրիչ գործողություններ չկան»,– ընդգծեց նա։
Լրագրողները հետաքրքվեցին` Ասրյա՞նն էլ է վստահ, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ վարչապետն ի պաշտոնե նաև ԶՈւ գերագույն հրամանատարն է, և այն, ինչ նա հնչեցնում է, ուրեմն բավական հիմքեր ունի դա հնչեցնելու»,– պատասխանեց գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք` ավելի քան մեկ ամիս է՝ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մայիսի 29-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ էին բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասաց, որ հայկական կողմն ադրբեջանցիներից պարզաբանում է պահանջել, նրանք հրաժարվել են, որ իրենք են դա արել։