ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականը Լայպցիգում կայացած Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 4 մեդալով ` երկու ոսկե (Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան), մեկ արծաթե (Մամիկոն Խաչատրյան) եւ մեկ բրոնզե (Արթուր Ավետիսյան)։ Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ նրանք ամփոփել են առաջնությունն ու խոսել հետագա անելիքների մասին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատել է փայլուն ու նշել, որ կամաց– կամաց ուրվագծվում է 2028 թ–ին Լոս Անջելոսում կայանալիք Օլիմպիական խաղերի հավաքականը։
Նորընծա չեմպիոն 17-ամյա Համլետ Մանուկյանը ասել է, որ իր հաղթանակում մեծ է եղել արդեն փորձառու մարզիկների աջակցությունը։
«Կային թերություններ, որոնք պետք է շտկել: Ինձ համար մրցակցությունն ուժեղ էր, քանի որ մեծահասակների Եվրոպայի առաջնություն էր: Փորձեցի չկենտրոնանալ այն մտքի վրա, որ ինձ համար մեծահասակների առաջին խոշոր մրցաշարն է, կատարեցի իմ վարժությունն այնպես, ինչպես անում եմ մարզումներին: Մրցահարթակում շատ մեծ էր Արթուր Դավթյանի աջակցությունը: Նրա փորձը փոխանցվում է մեզ, առանց նրա աջակցության գուցե այս արդյունքները չունենայինք»,- ասել է Համլետ Մանուկյանը:
Եվրոպայի առաջնությունը առաջինն էր նաև նույն վարժությունում արծաթե մեդալ նվաճած Մամիկոն Խաչատրյանի համար։
«Իմ եւ Համլետի առաջին Եվրոպայի առաջնությունն էր մեծահասակների: Լարվածությունն ու պատասխանատվությունը կրկնակի ավելի բարձր էր: Երջանիկ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել այդ լարվածությունը, մտնել պայքարի մեջ եւ Հայաստանի դրոշը բարձրացնել»,- նշել է Մամիկոն Խաչատրյանը:
Առաջնության արդեն եռակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ անդրադարձել է ծնկի վնասվածքին, որն ավելի ու ավելի է սկսել անհանգստացնել նրան։
«Ինքս զարմացա, որ կարողացա մաքուր կատարել երկու ցատկերը։ Հիմա կզբաղվեմ վնասվածքի բուժմամբ։ Մինչև աշխարհի առաջնությունը մրցաշարեր չունեմ և կարծում եմ, որ ինձ կհաջողվի վերջնականապես բուժել այն»,– նշել է Դավթյանը։
Նշենք, որ բազմամարտում մեր մարմնամարզիկների թիմը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։