ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ներգաղթյալների մեկ երրորդը չի կարողանում ռուսաց լեզվի քննությունը հանձնել առաջին փորձից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
«Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիների միջինը 30 տոկոսը քննությունն առաջին փորձից չի հանձնում։ Նրանց շուրջ կեսը քննությունը չի հանձնում նաև հետագա փորձերի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է քննության արդյունքների համակարգային մշտադիտարկում իրականացնել:
Քննությունը չհանձնած օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը մնում է նույն մակարդակում, որը սահմանվել էր 2024 թվականի մայիսին քննության անցկացման ոլորտից առևտրային կազմակերպություններին հեռացնելու արդյունքում, այն ժամանակ թեստը ձախողածների թիվը 3 տոկոսից հասել էր 30 տոկոսի։
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հաստատել էր 92 կազմակերպություն, որտեղ օտարերկրյա քաղաքացիները կարող են ռուսաց լեզվի իմացության թեստ հանձնել:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հայտարարել է, որ կրթության նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի միգրանտների քննությունների արդյունքների կեղծումը կանխելու համար: Նա պատմել է, թե ինչ դեպքեր են տեղի ունենում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քննությունների ընդունման կենտրոններում, որտեղ միգրանտներին նախապես պատրաստված պատասխաններ են տալիս դրամական «պարգևի» դիմաց: Օրերս Եկատերինբուրգում անօրինական միգրացիայի կազմակերպիչների ձերբակալման աղմկահարույց դեպք է տեղի ունեցել։
Հավաստագրումն իրականացվում է երեք մակարդակում: Առաջինը Ռուսաստանի տարածքում աշխատանքի իրավունք ստանալու համար է (արտոնագիր), երկրորդը՝ ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП), երրորդը՝ կացության թույլտվություն (ВНЖ)։ Յուրաքանչյուր քննություն երեք բաղկացուցիչ ունի, առաջինը ներառում է միայն ռուսաց լեզվի թեստավորումը, երկրորդն ու երրորդը` գիտելիքների ստուգում Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների ոլորտներում։