Մահացել է կոմպոզիտոր Եվգենի Դոգան՝ «Իմ քնքուշ ու նուրբ գազան» վալսի հեղինակը

Եվգենի Դոգան թատրոնի և կինոյի համար բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։ «Իմ քնքուշ ու նուրբ գազանը» ֆիլմի համար գրած նրա վալսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի չորս երաժշտական գլուխգործոցներից մեկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Մահացել է հանրահայտ երգահան, «Իմ քնքուշ ու նուրբ գազան» հայտնի վալսի հեղինակ Եվգենի Դոգան։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Նատալյա Դավիդովիչը։
Նա 88 տարեկան էր։
Երգահան, մանկավարժ, հասարակական գործիչ Եվգենի Դոգան ծնվել է 1937 թվականի մարտի 1-ին՝ Մոլդովական ԽՍՀ Ռիբնիցկի շրջանի Մոկրա գյուղում։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է (1987), Մոլդովական Հանրապետության շքանշանի ասպետ (1997):
Դոգան լայնորեն հայտնի է որպես ավելի քան 150 կինոֆիլմերի երաժշտության հեղինակ։ Դրանց թվում են՝ Մաքսիմ Գորկու պատմվածքների հիման վրա նկարահանված «Թափառախումբը գնում է երկինք»-ը (1976թ., ռեժիսոր՝ Էմիլ Լոտյանու), Անտոն Չեխովի «Դրամա որսի ժամանակ» վիպակի հիման վրա նկարահանված «Իմ քնքուշ և նուրբ գազանը» (1978, ռեժիսոր՝ Էմիլ Լոտյանու) Յուրի Նագիբինի «Բերենդեևի անտառը» պատմվածքների հիման վրա նկարահանված «Նկարչի կնոջ դիմանկարը» (1981, ռեժիսոր՝Ալեքսանդր Պանկրատով), Արկադի և Գեորգի Վայներների վեպի հիման վրա «Ուղղահայաց մրցավազքը» (1982, ռեժիսոր՝Ալեքսանդր Մուրատով), Միխայիլ Ռոշչինի պիեսի հիման վրա նկարահանված «Վալենտին և Վալենտինա»-ն՝ (1985, ռեժիսոր՝Գեորգի Նաթանսոն), «Օրհնեցեք կնոջը» (2003, ռեժիսոր՝Ստանիսլավ Գովորուխին):
«Իմ քնքուշ ու նուրբ գազանը» ֆիլմի վալսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի չորս երաժշտական գլուխգործոցներից մեկը: