ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Խերսոնի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով ավելի քան 227 հազար մարդ է զրկվել էլեկտրամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
Նա նշել է, որ տեղի է ունեցել «Ջանկոյ-Մելիտոպոլ» 150 կՎ բարձրավոլտ գծի վթարային անջատում։ Հոսանքազրկվել է 288 բնակավայր և սոցիալական նշանակության 44 օբյեկտ:
«Մասնագետներն էլեկտրաէներգիայի մատակարարման պահուստային սխեմաներ են մշակում։ Ստուգվում են էլեկտրահաղորդման գծերը, սարքավորումները», - նշել է մարզի ղեկավարը։
Խերսոնի մարզում էլեկտրամատակարարումը դադարեցվել է հունիսի լույս 3-ի գիշերը դրոնների հարձակումներից հետո:
Գիշերվանից ամբողջությամբ հոսանքազրկվել է նաև Զապորոժիեի մարզը։ Մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել է, որ 457 բնակավայրում առանց էլեկտրամատակարարման է մնացել ավելի քան 600 հազար մարդ:
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով վնասվել են մարզի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող բարձրավոլտ սարքավորումները: Քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել, տարածաշրջանի առողջապահական օբյեկտները էլեկտրամատակարարում են ստանում պահուստային աղբյուրներից: