Ռուսաստանը միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6000 մարմին․ Մեդինսկի

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները պայմանավորվել են հանձնաժողով ստեղծել ծանր վիրավորներին փոխանակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Ռուսական կողմը միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6 հազար զոհվածների մարմիններ։ Այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Ռուսական պատվիրակության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվածություն են ձեռք բերել գերիների ամենամասշտաբային փոխանակման շուրջ:
«Մենք պայմանավորվել ենք ամենամասշտաբային փոխանակման մասին։ Այն կկայանա հաջորդ երեքշաբթի: Կփոխանակվեն բոլոր ծանր վիրավորներն ու ծանր հիվանդները։ Դա մեր կողմից մարդասիրական քայլ է»,- ասել է Մեդինսկին։
Նրա խոսքով՝ նույն բանաձևով՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով կփոխանակեն երիտասարդ զինվորները (մինչև 25 տարեկան):
«Ընդ որում` փոխանակման ընդհանուր շեմը յուրաքանչյուր կողմից կլինի առնվազն հազար, գուցե ավելին»,- նշել է Մեդինսկին:
Բացի այդ, Մոսկվան և Կիևը հանձնաժողով կստեղծեն, որի միջոցով հնարավոր կլինի առանց քաղաքական որոշումների պարբերաբար փոխանակել ծանր վիրավոր զինվորներին։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօրվա բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները:
ՏԱՍՍ–ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։