ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունները «հիանալի» է որակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսական և ուկրաինական պատվիրակություններն այսօր հանդիպեցին Ստամբուլում։ Հիանալի հանդիպում էր։ Գերիների փոխանակումը հասավ ավելի քան 1000 մարդու։ Գերիների այս փոխանակումից բացի, մարմինների փոխանակման պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Այս թվերը նույնպես շատ մեծ են», - հայտարարել է Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո բնակչությանը հղած ուղերձում։
Նա հավելել է, որ Թուրքիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից հետո հանդես կգա առաջնորդների մակարդակով գագաթնաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօրվա բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Ռուսաստանը միակողմանիորեն Կիևին կփոխանցի ուկրաինացի զինվորների և սպաների 6 հազար մարմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները: Կձևավորվեն նաև բժշկական մշտական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը, չսպասելով քաղաքական որոշումների, ցուցակներ կկազմեն ծանր վիրավոր զինվորներին փոխանակելու համար: Նման փոխանակումները պարբերական բնույթ կկրեն, կիրականացվեն աշխատանքային կարգով:
ՏԱՍՍ–ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։