Երևանի Բուսաբանական այգուն հարող Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները սոցիալական ցանցերում ավելի ու ավելի հաճախ են հրապարակում բառացիորեն փողոցում հայտնված վայրի կենդանիների՝ աղվեսների, սկյուռների և նույնիսկ օձերի լուսանկարներ: Ծառահատմամբ ուղեկցված լայնածավալ շինարարությունը ստիպել է կենդանիներին լքել իրենց բները և ավելի մոտ գալ բնակելի թաղամասերին։ Զրկվելով սովորական միջավայրից՝ կենդանիները նոր ապաստան են փնտրում քաղաքի սահմաններում։
Աղվեսը Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում
© Sputnik
Բուսաբանական այգու տարածքում աշխատանքներն ընթանում են 2022 թվականից, սակայն շատերի համար դեռ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում այնտեղ, և որոնք են շինարարության նպատակները։ Մայրաքաղաքի բնակիչները դժգոհություն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և անվստահությամբ են վերաբերվում հերթական շինարարական նախագծին՝ անհանգստանալով քաղաքի գլխավոր կանաչ անկյուններից մեկի ճակատագրի համար:
Օձը Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում
© Sputnik
Դեռևս անցյալ տարի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այգու տարածքում իրականացվելու է «Կյանքի պուրակ» կոչվող նախագիծը՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին: Նախատեսվում է Ծարավ Աղբյուր փողոցի կողմից մի քանի հանգստի գոտիների և 180 տեղանոց ավտոկայանատեղիների ստեղծում։ Կայանատեղին հագեցած կլինի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով՝ որպես բարեկարգման էկոլոգիական մոտեցման բաղադրիչ:
Հենց այս նախագծի իրականացման համար է հատվել քարե կասկադի երկու կողմերում գտնվող կանաչ զանգվածի զգալի մասը, այդ թվում՝ ավելի քան 20 գլեդիչիաներ։ Հատկապես այս քայլը սուր քննադատություն է առաջացրել հասարակության շրջանում։ Սակայն գիտական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում տեղի ունեցածն ավելի օբյեկտիվորեն ընկալել՝ հիշեցնելով, որ նախագիծը ներառում է նաև կորցրած բուսականության վերականգնման միջոցառումներ:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հատված ծառերի տեղում այս տարվա աշնանը նախատեսվում է նոր և լայնածավալ կանաչապատում, մասնավորապես՝ 7 հազար ծառի (լորենի, կաղնի, կեչի և սոսի) ու 10 հազար թփի տնկում:
«Մենք պատրաստվում ենք կամավորների ներգրավմամբ կազմակերպել մեծ միջոցառում և մեկ շաբաթվա ընթացքում տնկել նախատեսված բոլոր ծառերն ու թփերը»,– ասաց Սարգսյանը:
Նա հավելեց, որ «Կյանքի պուրակը» կտնկվի 34 հեկտար մակերեսով հողատարածքի վրա։ Բուսաբանական այգու ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100 հա, այնպես որ, այգու տարածքի զգալի մասը կմնա իր նախկին տեսքով:
Նոր տնկարկների լիարժեք խնամքի համար ներկայում Բուսաբանական այգում տեղադրվում են ջրատարներ, որոնք կապահովեն բույսերի ոռոգումը: Դա կդառնա ապագա կանաչ գոտու ենթակառուցվածքների կարևոր մաս։
Նախագծով նախատեսում է նաև հանգստի մի քանի գոտիների ստեղծում, այդ թվում՝ ծանոթությունների հրապարակ, ոչ մեծ սրճարան, նստարաններով բազմաթիվ զբոսավայրեր, հեծանվային ուղիներ, ինչպես նաև այգու համար շատ անհրաժեշտ հասարակական զուգարաններ: Քարե կասկադի վերին մասում կլինի արհեստական լիճ՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով և ջրվեժ, որը տարածքին կտա գեղատեսիլ տեսք՝ այն ավելի գրավիչ դարձնելով այցելուների համար:
Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին կառուցվող «Կյանքի պուրակը» Բուսաբանական այգում (2 մայիսի, 2024թ)
© Sputnik / Nelli Danielyan
Հավելենք, որ «Կյանքի պուրակ» նախագծի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ: Շինարարական և կանաչապատման բոլոր աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
Մեր կողմից ավելացնենք, որ «Կյանքի պուրակի» բուն գաղափարը, անշուշտ, արժանի է ուշադրության, հատկապես որպես հիշողությունը, էկոլոգիան և բարեկարգումը համատեղելու փորձ: Այնուամենայնիվ, նախագծի նկատմամբ հանրային վստահությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքանով է այն իրականացվելու ըստ ներկայացված ծրագրի: Գեղեցիկ էսքիզներն ու հավակնոտ հայտարարությունները պետք է ամրապնդվեն իրական արդյունքներով՝ որակյալ կանաչապատում, բույսերի պատշաճ խնամք և բնապահպանական հավասարակշռության պահպանում:
Երկարաժամկետ խնամքի հարցը ևս չի կորցնում իր կարևոր նշանակությունը։ Առանց համակարգված ոռոգման, խնամքի և մոնիտորինգի նույնիսկ ամենածավալուն ծառատունկը կորցնում է իր իմաստը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Երևանի կենտրոնում հատվող ծառերի տեղում տնկված երիտասարդ ծառերի հետ:
Որպեսզի «Կյանքի պուրակը» իսկապես դառնա հիշողության կենդանի խորհրդանիշ և կայուն քաղաքային միջավայրի մաս, անհրաժեշտ են ոչ միայն ռեսուրսներ, այլև անկեղծ, հետևողական հոգատարություն: