ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» ապակուսակցական քաղաքացիական նախաձեռնություններն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Ինչպես ստորագրման արարողության ժամանակ նշեց «Կամուրջ» նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, համաձայնագրի նպատակն է միավորել ջանքերը՝ ծրագրեր իրականացնելու, պետականությունը, ինքնիշխանությունը վերականգնելու, սոցիալական խնդիրներ լուծելու (այդ թվում՝ արցախցիների խնդիրները), ինչպես նաև սփյուռքի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով։
Արման Աբովյան
© Sputnik
«Այս աշխատանքը կշարունակվի։ Մոտ ապագայում մենք նախատեսում ենք հուշագրեր ստորագրել ոչ միայն Հայաստանում գործող կազմակերպությունների, այլև սփյուռքի կառույցների հետ», - ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կապված չի լինի որևէ քաղաքական կուսակցության հետ և բաց կմնա բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ համագործակցության համար։
Աբովյանն ընդգծեց` Հայաստանը և հայկական սփյուռքը գտնվում են գոյաբանական մարտահրավերների շեմին, և այդ սպառնալիքները հաղթահարելու համար անհրաժեշտ է կառուցել փոխըմբռնման կամուրջներ։
Արման Աբովյանն ու Նաիրի Սարգսյանը
© Sputnik
Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը, նա պարզաբանեց, որ դեռևս վաղ է խոսել 2026 թվականի առաջիկա ընտրություններին նախաձեռնությունների մասնակցելու մասին։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ելույթ ունենալով ստորագրման արարողության ժամանակ, ասաց, որ այսօր Հայաստանը բախվում է գոյաբանական խնդիրների, և այս նախաձեռնությունը արձագանք է այն իրականությանը, որը ստեղծվել է երկրում։
«Հաճախ մարդիկ հեռանում են քաղաքականությունից, բայց Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ բոլորը պետք է դառնան հենասյուն և նպաստեն Հայաստանի, եկեղեցու, ազգային արժեքների, սփյուռքի և արցախցիների վերադարձի ամրապնդմանը», - ասաց նա։
Նաիրի Սարգսյան
© Sputnik
Սարգսյանը հիշեցրեց, որ նախաձեռնությունը հիմնված է ռացիոնալության, տեխնոկրատիայի, խնդիրների հավաքագրման, խնդիրների լուծման և լուծումների տրամադրման սկզբունքների վրա՝ թե՛ տեսական, թե՛ գործնականում։