ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուխանը հաստատել է, որ երկիրը մի քանի ինքնաթիռ է կորցրել Պակիստանի հետ հակամարտության ժամանակ: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
«Կարևորն այն չէ, որ ինքնաթիռներն ընկել են, այլ այն, թե ինչու են ընկել»,- ասել է նա:
Գեներալը նաև միանգամայն սխալ է անվանել Իսլամաբադի հայտարարություններն այն մասին, որ պակիստանցի զինվորականները Հնդկաստանի վեց ինքնաթիռ են խոցել։
Չաուխանը չի հստակեցրել Հնդկաստանի զինված ուժերի կորցրած կործանիչների ճշգրիտ թիվը։
Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե իրեն հաջողվել է հակամարտության կողմերին համոզել, որ համաձայնեն հրադադարին: Այնուհետև «Agence France-Presse»-ը (AFP) հաղորդել էր, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել մինչև մայիսի վերջ զորքերը խաղաղ դիրքեր հետ քաշելու վերաբերյալ:
Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: