Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը մանրամասն ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու ուղիների իր տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում մենք անդրադարձել ենք մի շարք միջազգային հարցերի, առաջին հերթին, իհարկե, Ուկրաինայի իրավիճակին, որն այժմ հուզում է բոլորին, այդ թվում` մեր չինացի բարեկամներին», - ասել է Ռուդենկոն Պեկինում «Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» տասներորդ միջազգային համաժողովի շրջանակում:
Նա նշել է, որ ռուսական կողմը մանրամասն ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու ուղիների իր տեսլականը, և ընդգծել, որ չինացի գործընկերներն ըմբռնումով են ընդունել այդ դիրքորոշումը:
Պեկինում կարծում են, որ ցանկացած կայուն կարգավորման համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել հակամարտության արմատական պատճառները։
Ուկրաինական ճգնաժամի համատեքստում, Ռուդենկոյի խոսքով, այդ պատճառները հիմնականում կապված են անվտանգության ոլորտում լուրջ անհավասարակշռությունների հետ, որոնք առաջացել են վերջին տարիներին դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան համաձայնել է այդ առաջարկին։