ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագծերը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Հուսով ենք` հուշագրերի երկու նախագծերը՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական, կքննարկվեն բանակցությունների երկրորդ փուլում», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ռուսական և ուկրաինական հուշագրերի նախագծերը չեն հրապարակվի։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։