Վտանգավոր կարմիր գծեր կան, որոնք անցնել չի կարելի. Ավինյանը` Նոր Նորքի միջադեպի մասին

Տիգրան Ավինյանը. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետի խոսքով` իրենց քաղաքական ընդդիմախոսները ճիշտ կանեն, որ իրենց տոնայնությունը մի քիչ զսպեն, քանի որ դա շատ վտանգավոր է ու կարող է հանգեցնել անցանկալի միջադեպերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանի նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը շատ համաչափ ու համադրելի տեղի է ունեցել, որի արդյունքը հրաժարականն է եղել։ Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը Ապարանում այսօր մասնակցում էր Բաշ Ապարանի, Ղարաքիլիսիայի հերոսամարտերին նվիրված շքերթին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծել են ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։ Մայիսի 15–ին Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացրեց։
«Այդ միջադեպի համար շատ ցավում եմ, և մեզ համար բռնությունն անընդունելի է և, անկախ ամեն ինչից, պաշտոնյաները, որոնք մեզ մոտ են աշխատում, պետք է լինեն զսպված, դա իրենց պատասխանատվությունն ու պարտականությունն է, սակայն դիմացի կողմն էլ պետք է հասկանա, որ որոշակի սահմաններ ու վտանգավոր կարմիր գծեր կան, որոնք անցնել չի կարելի»,– Ապարանում այսօր ասաց Ավինյանը։
Ըստ նրա` իրենց քաղաքական ընդդիմախոսները ճիշտ կանեն, որ իրենց տոնայնությունը մի քիչ զսպեն, քանի որ դա շատ վտանգավոր է ու հանգեցնում է նմանատիպ միջադեպերի։
«Ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ մեր ընդդիմախոսները պարբերաբար գնում են սադրանքների, ու ես չեմ կարող նրանց ամեն սադրանքի համար պատասխան տալ»,– ավելացրեց Երևանի քաղաքապետը։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց սադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։