ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օկայ Մեմիշը կարծում է, որ գոյություն ունեցող միջազգային կարգն ի վիճակի չէ ապահովել խաղաղություն և արդարություն: Այս մասին նա հայտարարել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ։
Մեմիշի խոսքով՝ գոյություն ունեցող միջազգային կարգը չի կարող արդյունավետ լուծումներ առաջարկել այն խնդիրների համար, որոնց բախվում է համաշխարհային հանրությունը:
«Համաշխարհային հանրությունն օգտվում է այն օգուտներից, որոնք ապահովել է գլոբալիզացիան։ Այնուամենայնիվ, դրանք հավասարապես չեն գործում բոլորի համար: Դրա ամենակարևոր հետևանքը պարենային անվտանգության ապահովման հարցն է և սովի խնդիրը։ Ասիայում և Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ սովամահ են լինում: Այս վիճակը փոխելու միակ ճանապարհը միջազգային համագործակցության և համերաշխության ամրապնդումն է։ Գլոբալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հավաքական գործողություններ», - նշել է Օկայ Մեմիշը։
Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում մայիսի 27-29-ը Մոսկվայում: Համաժողովին մասնակցում են 129 պատվիրակություններ 105 երկրներից, որոնք անդամակցում են ԲՐԻԿՍ-ին, ՇՀԿ-ին, ԱՍԵԱՆ-ին, ԱՊՀ-ին, Արաբական պետությունների լիգային, Աֆրիկյան միությանը, ՀԱՊԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների: Հայաստանն այս հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։