ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Բրյանսկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելիս վնասվել է երկու բնակելի շենք։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram– ալիքում։
Գիշերը մարզի ղեկավարը հայտարարել է տարածքում անօդաչու թռչող սարքերի միջոցով ևս մեկ զանգվածային հարձակման մասին։
«Բրյանսկ քաղաքի Ֆոկինսկի շրջանում թշնամու զանգվածային հարձակումը հետ մղելիս վնասվել է շենքերից մեկի ճակատային մասը։ Մեկ այլ շենքում վնասվել է հինգ առևտրի կետ»,- նշել է Բոգոմազը։
Մարզի ղեկավարի խոսքով՝ զոհեր չկան։ Օպերատիվ և արտակարգ ծառայություններն ուսումնասիրում են տարածքները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։