Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ բանակից ազատվելու օրինագծում փոփոխություններ կլինեն

ԱԺ նախագան ընդգծեց, որ վերջնանպատակը պետք է լինի լիարժեք պրոֆեսիոնալ բանակ ունենալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հնարավոր է` զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու հնարավորություն նախատեսող օրինագծում փոփոխություններ կատարվեն: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով աղմկահարույց օրինագիծը։
«Կարծում եմ` օրենքը որոշ փոփոխությունների կարիք կարող է ունենալ, բայց դա անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Վերջնանպատակը պետք է լինի լիարժեք պրոֆեսիոնալ բանակ ունենալը, որտեղ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբերվեն որպես մասնագիտության»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ բանակում առկա խնդիրները պետք է աստիճանաբար կարգավորվեն, իսկ նման նախաձեռնությունները քննարկվում են հենց այդ նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն տվեց մի օրինագծի, որը բանակում ծառայելուց հրաժարվելու հնարավորություն է տալիս` 1 ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ (մոտ 62 հազար դոլար), 4 ամսվա համար (միայն ուսումնական մասում)՝ 18 մլն դրամ (մոտ 46 հազար դոլար):
Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։