ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 4,4%-ով՝ համաշխարհային 3,3% միջին աճի դեպքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը:
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ում աճը կազմել է 3,8%։
8,1%-ով աճել է նաև ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը (այդ տվյալները բացարձակ թվերով չեն հրապարակվում)։
Այս տարի, ինչպես նշել է Վեդևը, սպասվում է Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղեցում՝ հաշվի առնելով, որ վարկերի տոկոսադրույքները կաճեն, այսինքն՝ այդ վարկերը պակաս հասանելի կլինեն:
Գլոբալ սակագնային պատերազմն ուղղակիորեն չի անդրադառնա ԵԱՏՄ երկրների վրա, բայց անուղղակիորեն կհանգեցնի թեթևակի գնաճի և համապատասխանաբար աճի տեմպերի որոշակի դանդաղեցման։ Բայց ԵՏՀ կանխատեսումներն ավելի շատ լավատեսական են`2025 թվականի համար կանխատեսվում է մոտ 2% աճ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5,9%-ով, Բելառուսինը՝ 4%-ով, Ղազախստանինը՝ 4,8%-ով, Ղրղզստանինը՝ 9%-ով, Ռուսաստանինը` 4,1%-ով:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: