Երևանում 33-ամյա շինարարն ընկել է 9-րդ հարկից ու ողջ մնացել․ հրա՞շք, թե՞․․․

Մի քանի օրից լույս աշխարհ կգա Սարգիսի երկրորդ երեխան, ինքն էլ որոշել է՝ վերականգնվելուց հետո կրկին շինհրապարակ է վերադառնալու։
Sputnik
Թռիչք 9-րդ հարկից՝ առանց պարաշյուտի. վտանգն արդեն անցյալում է, ուստի 33-ամյա Սարգիսի ընտանիքում կատակելու տրամադրություն էլ կա։ Ապրիլի 28-ը Սարգիս Սարգսյանի երկրորդ ծննդյան օրն է. նա շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է նորակառույց շենքից ու ողջ մնացել։ Մեկն ասում է՝ 6-րդ հարկից, մեկը՝ 7-րդ, ինքը՝ Սարգիսն ասում է՝ 9-րդն էր։ Շատ լավ հիշում է օրվա բոլոր մանրամասները։ Երևանի Ադոնցի փողոցի նորակառույց շենքի 9-րդ հարկում հարթեցում էր անում, որ բետոնապատումը սկսեր։ Ստուգելուց հետո ասաց՝ «բետոնը տուր», ու վերջ․․․ Աչքերը բացեց 5–րդ օրը` հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Սարգիս Սարգսյան
Սարգիսը շինարարությամբ է զբաղվում ավելի քան 10 տարի, բայց էլիտար նորակառույցներում վերջին 3 տարիներին է աշխատում։ Ասում է՝ միշտ է զգույշ եղել, ապրիլի 28-ն էլ բացառություն չէր, պարզապես դժբախտ պատահար էր, կարևորը` «happy end»-ով։
Բետոնալցման աշխատանքների ժամանակ խողովակը պոկվել է, հարվածել Սարգիսին, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Րոպեներ անց շտապօգնությունը նրան «Երևան» բժշկագիտական կենտրոն է հասցրել ծայրահեղ ծանր վիճակում։
Շտապօգնության բժշկուհի Աննա Հարությունյանն օրվա մասին պատմելիս վերապրում է այն․ գրեթե 30 տարվա փորձառությամբ բժշկի համար զարմանալի է կատարվածը։ Ասում է՝ կանչը ստանալուց հետո վայրկյանների ընթացքում բրիգադը ճանապարհ ընկավ, սա այն դեպքն էր, երբ ամեն րոպեն կյանք արժեր։
Շտապօգնության բժշկուհի Աննա Հարությունյան
«Հնարավոր չէր շենքին մոտենալ, որովհետև շատ մեքենաներ էր կայանված։ Մեքենան թողել ենք, վազելով ենք տեղ հասել»,- ասում է բժշկուհին։
Կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գոհար Խաչատրյանը թվարկում է վնասվածքները, որոնք ուներ 33–ամյա շինարարը։
«Երևան» բժշկագիտական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գոհար Խաչատրյան
«Սարգիսն այստեղ ընդունվեց ուշ երեկոյան ծայրահեղ ծանր վիճակով, պոլիտրավմա դիագնոզով, ծանր, կյանքի հետ շատ դժվար համատեղելի վնասվածքներով, գանգուղեղային սալջարդով, քթի և հայմորյան խոռոչների կոտրվածքով։ Ուներ նաև թիակի բազմաբեկոր կոտրվածք, ողերի, կողերի կոտրվածք, պնևմատորոքս, թոքի, լյարդի սալջարդ, երիկամի պատռվածք, կոնքի կոտրվածք, ստորին վերջույթների կոտրվածքներ»,- պատմում է բժշկուհին։
«Երևան» բժշկագիտական կենտրոնի վիրահատարանը
Առաջին փուլում մասնագետներն աշխատել են նրա վիճակը կայունացնելու ուղղությամբ, կատարել են անհետաձգելի միջամտությունները։ Դիմածնոտային վիրաբույժ Անահիտ Մինասյանի խոսքով՝ թեպետ դեմքի հատվածում կոտրվածքներ, պատռված վերքեր կային, բայց ամենակարևորը շնչառության վերականգնումն էր։
Դիմածնոտային վիրաբույժ Անահիտ Մինասյան
«Ի սկզբանե կոտրվածքն այնպիսին էր, որ քթային շնչառությունը գրեթե բացակայում էր»,- նշում է Մինասյանը։
Օրեր անց, երբ արդեն Սարգիսի վիճակը կայունացել էր, գործի անցան վնասվածքաբանները՝ միանգամից մի քանի վիրահատություն կատարելով։ Վնասվածքաբան Աշոտ Ադամյանն ասում է՝ ապաքինման գործում շատ կարևոր դեր է խաղացել հենց իր՝ Սարգիսի կամքը։
Վնասվածքաբան Աշոտ Ադամյան
«Ես միշտ հիվանդներին ասում եմ՝ մենք երեք «позиция» ունենք՝ բժիշկ, հիվանդ ու հիվանդություն․ բժիշկն ու հիվանդը միանում են ընդդեմ հիվանդության և հաղթում։ Մենք բոլորս միասին ենք հաղթել»,- նշում է վնասվածքաբանը։
Այն, որ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվելուց մոտ 2 շաբաթ անց Սարգիսն իր ոտքով (իհարկե, հենակներով ու հարազատների օգնությամբ) տուն է գնացել, հրաշքի է նման։
«Սա Աստծո գործ էր, որովհետև ընկնել այսպիսի բարձրությունից ու ողջ մնալ․․․ Ամեն դեպքում մենք մեր աշխատանքը գնահատված ենք զգում, որովհետև մարդու կյանք ենք փրկել»,- ասում է շտապօգնության բժշկուհի Աննա Հարությունյանը։
Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գոհար Խաչատրյանն ավելի պրագմատիկ է այս հարցում՝ հրաշքներին չի հավատում, իսկ այն, որ բժիշկներն առանց րոպե կորցնելու և ճիշտ սխեմայով են բուժումը կազմակերպել, հաստատ է։
Ի դեպ, պարզվում է՝ մի քանի տարի առաջ էլ Սարգիսի ավագ եղբայրն է արտերկրում շինարարության ժամանակ ընկել 5-րդ հարկից ու ողջ մնացել՝ թեպետ էլի բազմաթիվ տրավմաներով։ Ծնողները հույս ունեն՝ որդիները վերջին անգամ են իրենց նման փորձության ենթարկում ու բոլորին «փորձում ապացուցել», թե հնարավոր է առանց պարաշյուտի նման բարձրություններից թռչել։
1 / 2

Սարգիս Սարգսյանի հայրը

2 / 2

Սարգիս Սարգսյանի մայրը

Հիմա Սարգիսը դժվարությամբ, բայց կանգնում է, քայլեր է անում։ Վերականգնման փուլը երկար է լինելու. մի քանի ամսից նոր վիրահատություն է նախատեսված, բայց նա լավատեսորեն է տրամադրված։ Ընտանիքն իր կողքին է, մի քանի օրից էլ համալրում է սպասվում. ծվելու է Սարգիսի երկրորդ երեխան։ Ի դեպ, ասում է՝ վերականգնվելուց հետո անպայման շինհրապարակ է վերադառնալու։
Սարգիս Սարգսյանի մայրն օգնում է նրան տեղաշարժվել հենակներով