ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո նշել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց կա:
«Այսօր Հռոմում կայացած Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացով», - X սոցիալական ցանցում գրել է բանակցություններում միջնորդական առաքելություն ստանձնած ալ-Բուսաիդին:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կպարզաբանվեն մնացած հարցերը, ինչը թույլ կտար առաջ ընթանալ դեպի կայունև արժանապատիվ համաձայնություն:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի աճող տարաձայնությունների ֆոնին: Հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը:
Դրան ի պատասխան, Իրանիգերագույն առաջնորդ Ալի Խամենեին կասկածի տակէ դրելգործարքի հասնելու հնարավորությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի պահանջը սխալ է: Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն գա, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցելու նպատակով Իրանը հնարավոր է համարել նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին:
Չնայած տարաձայնություններին` Վաշինգտոնը հայտարարել է, որ հավատում է Իրանի հետ բանակցությունների հաջողությանը: ԱՄՆ-ն բանակցությունների միջոցով ձգտում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա (թեև Իրանի իշխանությունները հերքում են ուրանը ռազմական նպատակներով հարստացնելու մասին կասկածները), Թեհրանն իր հերթին նպատակ ունի, որ ԱՄՆ-ն չեղարկի նախկինում սահմանած պատժամիջոցները: