Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Կուրսկի մարզի Լգով քաղաքին. վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ

Բոլոր տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ և սալջարդեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ՌԴ Կուրսկի մարզի Լգով քաղաքին, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Լգով քաղաքով անցնող Կուրսկ-Ռիլսկ մայրուղուն. հարվածի հետևանքով, ցավոք, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 և 16 տարեկան 2 երեխա։ 13-ամյա երեխան ստացել է գոտկատեղի բեկորային վնասվածքներ, 16-ամյա պատանին՝ գանգուղեղային, ինչպես նաև ծոծրակի և ձախ ուսի վերք: Տուժածների թվում կան նաև 7 կին և 3 տղամարդ», - տելեգրամյան ալիքում նշել է Խինշտեյնը։
Նա հավելել է, որ բոլոր տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ և սալջարդեր։
«Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր վիրավորներին այժմ տեղափոխում են Կուրսկի շրջանային հիվանդանոց։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության լրացուցիչ բրիգադներ», - հավելել է նա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա, 1 բազմաբնակարան շենք, 2 առանձնատուն։
«Շենքերում ապակիներ են ջարդվել, վնասվել են ճակատային մասերը։ Օպերատիվ իրավիճակը կարգավորվելուն պես տեղում կաշխատեն վերանորոգման բրիգադները։ Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Իրավիճակն իմ անձնական վերահսկողության ներքո է», - ասել է Խինշտեյնը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԶՈւ-ն այժմ լուծում է սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու խնդիրը: Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվորեն ճնշում են Ուկրաինայի զինված ուժերի կրակակետերը։ Նախագահը նաև հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում մշակել սահմանամերձ տարածաշրջանների, այդ թվում՝ Կուրսկի մարզի տուժած շրջանների համալիր վերականգնման ծրագիրը: