ԵՐԵՎԱՆ, մայիսի 21 – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար, Ռուսաստանի հերոս Անդրեյ Մորդվիչևը պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները։
Ինչպես հաղորդում է «Красная звезда» («Կարմիր աստղ») թերթը, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանդիսավոր արարողության ընթացքում գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևին է հանձնել գլխավոր հրամանատարի դրոշը։
Ներկայացնելով նոր գլխավոր հրամանատարին՝ Բելոուսովն ընդգծել է, որ Մորդվիչևը զգալի մարտական փորձ ունի և կշարունակի բարեխղճորեն կատարել իր պարտականությունները:
Գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևը մայիսի 15-ին է նշանակվել ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար: Զորահրամանատարը մարտական զգալի փորձ ունի։ 2022 թվականին նա ղեկավարել է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։ 2023 թվականին Մորդվիչևն ընդունել է Կենտրոնական ռազմական շրջանի և «Կենտրոն» զորախմբավորման հրամանատարությունը, նրա ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են Դոնբասի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Ավդևկայի, Օչերետինոյի, Սելիդովոյի, Ուկրաինսկի և Կուրախովոյի ազատագրման գործողությունները։
Մորդվիչևը Ռուսաստանի հերոսի կոչում ունի, պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու, Ժուկովի, Խիզախության, «Ռազմական արժանիքների համար» շքանշաններով, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի և Սուվորովի մեդալներով։