Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Էրդողանի կուսակցությունն աշխատանքներ է տանում նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Այս մասին նա ասել է Հունգարիայից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ ընտրություններում կրկին առաջադրվել։ Մեզ հետաքրքրում է միայն այն երկրի հեղինակության բարձրացումը: Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք մի նոր դարաշրջանում. նման արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բանի հասնել այնպիսի Սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում՝ պետական հեղաշրջման պայմաններում, և որը շարունակում է պահպանել խռովության մտածելակերպը»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ անհրաժեշտ է Սահմանադրություն, որն առաջարկում են քաղաքացիական անձինք, այլ ոչ թե դավադիրները, և իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աշխատանքներ է տանում նոր մայր օրենքի նախագծի նախապատրաստման ուղղությամբ:
Նա նաև ընդդիմությանն է կոչ արել միանալ այդ աշխատանքին՝ ձևավորել հանձնաժողով և միասին ստեղծել քաղաքացիական սահմանադրություն:
Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարողացել ստանալ Արևմուտքի աջակցությունը
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության կոչերին` Էրդողանը նշել է, որ ո՛չ արտահերթ, ո՛չ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելն ավելի վաղ նշել էր, որ եթե մի շարք պատճառներով թափուր մնացած պատգամավորական աթոռների թիվը գերազանցի 30-ը, ապա ընտրություններն անխուսափելի են: Ներկայում թափուր է 8 պատգամավորական տեղ։