ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ համագործակցության հարցեր է քննարկել։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ–ում Չինաստանի նորանշանակ դեսպանն այցելել էր ՀՀ ԱԳՆ, հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք` Հայաստանում շուրջ 9 ամիս Չինաստանի դեսպան չկար։ Նախկին դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին, իսկ նոր դեսպանը Երևան ժամանեց միայն 2025-ի ապրիլի 2-րդ կեսին։