Պայթյուն Ստավրոպոլի բազմահարկ շենքերից մեկում, տուժածներ կան. տեսանյութ

Մեկ կին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 2 քաղաքացի ամբուլատոր օգնություն են ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Ստավրոպոլի բազմահարկ շենքերից մեկում, տուժել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզային առողջապահության նախարարությանը։
Մեկ կին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան Տուխաչևսկու փողոցում գտնվող շենքում։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մոտ 10 քմ տարածք է ընդգրկել: Հրդեհը օպերատիվ կերպով մարվել է, շենքի կոմունիկացիաներն անջատվել են։ Ստավրոպոլի մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ մասնագետները կուսումնասիրեն վնասների ծավալները, որպեսզի սկսեն վերականգնողական աշխատանքները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 167-րդ (գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում) և ՌԴ ՔՕ 238-րդ (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում) հոդվածներով: Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը։