ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնող օրինագիծը բուհի ինքնավարության խնդիրը չի լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` հավելելով, որ կուսակցական պատկանելությունը դադարեցնելով կամ սառեցնելով էլ կարելի է քաղաքական նպատակներ իրագործել։
«Կուսակցական լինել–չլինելը կարող է երկրորդական դեր խաղալ։ Ամենակարևորը երկրում տիրող մշակույթն է։ Դրա համար ես չեմ կարծում, թե այսպես օրենքում գրելով ինչ–որ բան կփոխվի»,– նկատեց փորձագետը։
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳՄՍՆ–ն մշակել է օրինագիծ, որը բուհական համակարգը պետք է պաշտպանի արտաքին միջամտությունից և քաղաքականացման վտանգից, զերծ պահի քաղաքական գործընթացներից։ Նախագիծը սահմանում է նաև էթիկայի ստանդարտներ, որպեսզի բուհերում չիրականացվի կուսակցական գործունեություն կամ քարոզ։ Օրինագիծը, սակայն, չի հստակեցնում, թե բուհական որ պաշտոններն են համարվելու ղեկավար պաշոններ, օրինակ` ամբիոնի վարիչը բուհի ղեկավարություն է, թե ոչ։ Փոխարենը միանշանակ է, որ կուսակցականներն ու պաշտոնյաները նախագծի ընդունումից հետո այլևս չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։
Բուհերի ղեկավար կազմի ապակուսակցականացման գաղափարը Սերոբ Խաչատրյանը դրական փոփոխություն է համարում` միաժամանակ նկատելով, որ բուհերի ուսանողադասախոսական կազմը ապակուսակցականացնելն ուղղակի անհնար է։
«Բուհերում կուսակցական, կրոնական գործունեություն ծավալելը միշտ խաթարում է պրոցեսը, քանի որ բուհը պետք է հնարավորինս օբյեկտիվ լինի, և բուհերում այդ տեսակի գործունեությունը պետք է հնարավորինս կասեցվի։ Ուսանողներն էլ կարող են տարբեր հայացքներ ունենալ կամ ընդհանրապես չունենալ։ Բայց այստեղ մնում է այն հարցը, որ բուհերի դասախոսներն ու աշխատողները չեն կարող չունենալ քաղաքական նախընտրություններ։ Ես նորմալ եմ համարում, որ կարող են նաև որևէ կուսակցության անդամ լինել և ճիշտ չէ, որ դրա պատճառով, օրինակ, գիտխորհրդում չլինեն։ Գուցե մարդը կուսակցական է, բայց նաև շատ լավ գիտնական։ Պարզապես այդ մարդը պետք է կարողանա իր գործունեության մեջ քաղաքականապես անկողմնակալ մնալ կամ դա անել համալսարանի պատերից դուրս»,– նշում է փորձագետը։
Նկատենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այժմ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդինը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` Բրյուսովի նվան լեզվաբանության ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահը, և այլն։
Նոր օրենքի ընդունման դեպքում բոլոր այս պաշտոնյաները պետք է հեռանան բուհերի կառավարման խորհուրդներից և նոր խորհուրդներ ձևավորվեն։
Սերոբ Խաչատրյանը, սակայն, վստահ չէ, որ դրանով նոր ձևավորված կառույցներում քաղաքական չեզոքությունն ապահովված կլինի։
Նա կարծում է, որ կառավարման խորհրդում նոր նշանակված անկուսակցական անդամն էլ կարող է իշխանության համար գործիք լինել ինչ–ինչ խնդիրներ լուծելու համար։