Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Շուշան Սարգսյանն է

Կոմպոզիտորն առաջին անգամը չէ, որ իր ստեղծագործությունները ներկայացնում է համաշխարհային հայտնի կինոփառատոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Շուշան Սարգսյանն է։ «Ֆեյսբուքի» իր էջում Շուշան Սարգսյանը հայտնում է, որ մասնակցել է նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին՝ ներկայացնելով իր երաժշտությունը։
Շուշան Սարգսյանը Կաննի կինոփառատոնում
Նշենք, որ այս հանդիպումներին մասնակցում են միջազգային հեղինակավոր կինոարտադրող ընկերություններ և պրոդյուսերներ, ուստի սա հրաշալի հնարավորություն է համագործակցության նոր ծրագրերի համար։
Կոմպոզիտորն անցել է Կաննի Կարմիր գորգով հատուկ իր համար կարված «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով։
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը Կաննի կինոփառատոնում
«Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է (Լուսնէ Արտ), որը ոգեշնչվել էր Կոմիտասի ջրամանների նախշազարդերից»,- գրել է Շուշան Սարգսյանը։
Հագուստի դիզայները Նինա Սարկիսյանցն է։
Այսկերպ կոմպոզիտորը ցանկացել է փառատոնի հյուրերին փոխանցել նաև հայկական մշակույթի խորությունն ու նրբագեղությունը։
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը Կաննի կինոփառատոնում
Հավելենք, որ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն առաջին անգամը չէ, որ մասնակցում և իր ստեղծագործությունները ներկայացնում է Կաննի կինոփառատոնում։ Նա իր ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն է ունեցել նաև Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում։