ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի ցանկանում հրապարակել 2018 թվականին 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցը։ Այս մասին այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր` 2018–ի հանրահավաքների օրերին զանգել է Սերժ Սարգսյանին, քանի որ իրեն տարբեր տեղերից ասում էին, որ Փաշինյանը գնում է այլ ուղղությամբ, կարծես իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։
«Ես հակված չեմ անձնական զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, սակայն դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ 10–15 տարի է՝ հետևում եք, երբևէ լսե՞լ եք ինձնից այդպիսի բառ՝ «կոնտրոլի տակ»»,– նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց` հիմա է, որ Քոչարյանի հետ չի շփվում. 2018 թվականին այդպես չէր։
«Մանրամասներն ի՞նչ հետաքրքիր են։ Ես մի բան հստակ կարող եմ ասել, որ ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար կհամարեմ»,– հայտարարեց Սարգսյանը։
Նա լրագրողներին նաև խնդրեց 2018 թվականի մասին իրեն հարցեր չտալ, այլ դիտել 2018 թվականի մասին իր հարցազրույցները։