ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Մայիսի 12-ին Ֆրանսիայի իշխանությունները մերժել են «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ ԱՄՆ մեկնելու խնդրանքը. նա Միացյալ Նահանգներ էր ուզում գնալ ներդրումային ֆոնդերի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է հոդվածից հատվածներ։
«Ֆրանսիայի իշխանությունները մերժել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ ներդրումային ֆոնդերի հետ բանակցություններ վարելու համար ԱՄՆ մեկնելու խնդրանքը։ Փարիզի դատախազությունը Politico-ին հայտնել է, որ որոշումը կայացրել է մայիսի 12-ին՝ այն հիմքով, որ նման ուղևորությունը անհրաժեշտ կամ արդարացված չի թվում», - այսօր գրել է հրատարակությունը։ Դուրովն անցյալ մայիսի 18–ին հայտարարել էր, որ իրեն դիմել են նախագահական ընտրություններից առաջ Ռումինիայում պահպանողականներին լռեցնելու խնդրանքով։
Նրա խոսքով՝ խնդրանքը եղել է «արևմտյան Եվրոպայի կառավարությունից»։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ խնդրանքը եղել է ֆրանսիական հետախուզության ղեկավար Նիկոլա Լերներից։ Դուրովը հավելել է, որ ինքը կտրականապես հրաժարվել է։
Հիշեցնենք` Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալեցին Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում 2024–ի օգոստոսի 24-ին: Ֆրանսիայում Դուրովին կասկածում են 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ։ Գործարարին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 28-ին Դուրովին ազատ արձակեցին 5 մլն եվրո գրավի դիմաց։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը, Դուրովը պարտավոր է շաբաթական երկու անգամ ոստիկանություն ներկայանալ։