Արփի լճի տարածքում արջի թարմ հետքեր են հայտնաբերվել. լուսանկարներ

«Արփի լիճ» ազգային պարկ
Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են արջի թաթերի հետքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Շիրակի մարզում` «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում, արջի թարմ հետքեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հորդորում է զգոն լինել։
«Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին խնդրում է առավել զգոն լինել, հատկապես անտառային կամ բարձրադիր տարածքներ մուտք գործելիս, չթողնել ընտանի կենդանիներին առանց հովվի կամ վերահսկողության, խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։
Քարայծ, հովազ, արջ, բու. ի՞նչ կենդանիներ են 2024-ին ֆիքսել Խոսրովի անտառի ֆոտոթակարդները
Նախարարությունը հիշեցնում է, որ արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, բայց նախազգուշությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են բոլորի անվտանգության համար։
Աղավնաձորի բնակիչներից մեկն իր տանը բեզոարյան այծ է պահել